Անցած տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 1.1 տոկոս

19:12, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.1% գնաճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.8%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.2% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ գների ընդհանուր մակարդակի 0.8% նվազում:

2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 1.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 0.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 3.4%, ծառայությունների սակագները՝ 0.7%, իսկ հունվար-դեկտեմբերին 2015թ. հունվար- դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 1.4%, 3%, 2.5% անկում է եղել, միայն ծառությունները թանկացել են 1.8%:

2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.1%-ով:


© 2009 ARMENPRESS.am