Զախարովան անիմաստ ու վնասաբեր Է համարել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը

11:45, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հեռացող վարչակազմի արտաքին քաղաքական վերջին քայլերն իմաստ չունեն եւ կարող են «ավերել աշխարհը»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր Էջում:
«Ամեն օր նորություններ եմ կարդում Վաշինգտոնից՝ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, զենիթահրթիռային համալիրների մատակարարում սիրիացի մարդասպաններին, միանգամայն անիմաստ, բայց վնասաբեր գործողություններ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով: Աստված աշխարհն արարեց յոթ օրում: Օբամայի վարչակազմը երկու օր ավելի ունի այն ավերելու համար»,-նշել Է Զախարովան:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու ակտի» հիման վրա հունվարի 9-ին պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի հինգ քաղաքացիների, այդ թվում՝ ՌԴ Հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի նկատմամբ:
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ պատրաստ Է աշխատել հարաբերությունների նորմալացման շուրջ նույնիսկ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: 
«Պատժամիջոցներն այն բաղադրիչն են, որը խիստ բացասաբար Է ազդում երկկողմ հարաբերությունների վրա: Բայց դրա հետ մեկտեղ եւ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում Մոսկվայում կողջունեին երկխոսության ցանկացած հնարավորություն եւ պատրաստ են դրան»,-հայտարարել Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am