«Լա-Լա Լենդ» մյուզիքլը BAFTA-ի մրցանակի առավել մեծ թվով անվանակարգեր Է ստացել

16:34, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լա-Լա Լենդ» մյուզիքլը հունվարի 10-ին Լոնդոնում կայացած արարողության ընթացքում արժանացել Է BAFTA-ի (Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիա) կինոմրցանակի առավել մեծ թվով անվանակարգերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի կինոնկարը հունվարի 10-ին ներկայացվել Է միանգամից 11 կատեգորիաներում հաղթելու համար, ներառյալ լավագույն ֆիլմ, օրիգինալ երաժշտություն, օպերատորական արվեստ, դեկորացիաներ, հագուստների դիզայն, ձայն եւ այլ անվանակարգեր: Բացի այդ, այս մյուզիքլի գլխավոր դերակատարները (ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը եւ կանադացի Ռայան Գոսլինգը) հավակնորդների թվում են հայտնվել լավագույն դերասան եւ լավագույն դերասանուհի կոչման համար: 
Իննական անվանակարգեր են ստացել Դենի Վիլնեւի «Ժամանում» եւ Թոմ Ֆորդի «Գիշերվա քողի ներքո» կինոնկարները: Լավագույն ֆիլմ մրցանակի համար, բացի հիշատակված երեք ֆիլմերից, անվանակարգվել են նաեւ Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ», Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» եւ Քենեթ Լոներգանի «Մանչեստրը ծովի մոտ» ժապավենները: 
Բացի Ռայան Գոսլինգից, լավագույն դերասան կատեգորիայում հաղթելու հավակնորդներ են դարձել նաեւ Էնդրյու Հարֆիլդը՝ «Խղճի մտոք» ֆիլմում խաղացած դերի համար, Քեյսի Աֆլեքը («Մանչեստրը ծովի մոտ»), Ջեյք Ջիլենհոլը («Գիշերվա քողի ներքո») եւ Վիգո Մորթենսենը («Կապիտան Ֆանտաստիկը»):  
Լավագույն դերասանուհու կոչման համար, բացի Էմմա Սթոունից, անվանակարգվել են Էմի Ադամսը («Ժամանում»), Էմիլի Բլանտը («Աղջիկը գնացքում»), Մերիլ Սթրիփը («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս») եւ Նաթալի Փորթմանը («Ջեքի»):
Իսկ լավագույն ռեժիսորի կոչման հավակնորդների թվում նշվել են Դենի Վիլնեւը («Ժամանում»), Քեն Լոուչը («Ես Դենիել Բլեյքն եմ»), Դեմիեն Շազելը («Լա-Լա Լենդ»), Քենեթ Լոներգանը («Մանչեստրը ծովի մոտ») եւ Թոմ Ֆորդը («Գիշերվա քողի ներքո»): 
BAFTA-ի մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն փետրվարի 12-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլլում անկացվելիք արարողության ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am