Սպասվող լրահոս. 10.01.2017

09:26, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերով պայմանավորված կարճատև արձակուրդից հետո վերսկսում ենք աշխատանքը. «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում կշարունակի ներկայացնել այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստանի Ադրբեջանի սահմանին իրավիճակն անհանգիստ է եղել: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր` հունվարի 10-ին, կանդրադառնա Ադրբեջանի ակտիվությանը, միջազգային արձագանքին: Քանի որ տարին նախընտրական է Հայաստանի համար, հետևաբար քաղաքագետն իր դիտարկումները կներկայացնի նաև ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Ստամբուլում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել: Թուրքական ոստիկանությունը շարունակում է  ակտիվ պայքար է ծավալել նաեւ գյուլենականների դեմ: Գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 61 բարձրաստիճան զինվորական: Թուրքիայում տեղի ունեցող այս և այլ զարգացումներին էլ կանդրադառնա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայտնի է, որ տոնական օրերից հետո հոգեբանական տեսանկյունից աշխատանքի վերադառնալը շատերի համար բարդ գործընթաց է: Ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը: Այս և այլ հարցերին կանդրադառնան հոգեբանները: Իրենց մասնագիտական դիտարկումները կներկայացնեն հոգեբաններ Ռուբեն Աղզումցյանը և Քրիստինե Ավետիսյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում նախատեսվում է հանդիպում բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանի հետ: Հանդիպումը կրում է «Առողջ բարեկեցություն» խորագիրը: Հանդիպմանը Հայկազ Սարգսյանը կխոսի կենսական նշանակության կարևոր խնդիրների մասին, որոնց միջոցով կարելի է հասնել առողջ և ներդաշնակ երկարակեցության:

Օրվա ընթացքում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ եղանակային կանխատեսումների մասին տեղեկատվությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am