Մարտունի գյուղի տարածքում քարաթափումից մաքրվում է միակողմանի երթեւեկելի դարձած ճանապարհը

18:30, 9 Դեկտեմբեր, 2016

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի վարչական տարածքում  քարաթափումից մաքրվում է Ճամբարակ-Դպրաբակ միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրի վրա միակողմանի երթեւեկելի դարձած ճանապարհը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մաքրման աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Արարատ  Քոչարյանը, նշյալ ճանապարհահատվածում քարաթափումը տեղի էր ունեցել այս տարվա մայիս ամսի ընթացքում, առատ տեղումների հետեւանքով, եւ շարունակվել հետագա ամիսներին:Ճանապարհաշինարարները ժամանակին մաքրել են քարաթափումները, սակայն հետագա ժայռային  փլվածքները կրկին միջպետական նշանակության ճանապարհը դարձրել են միակողմանի երթեւեկելի:Ճանապարհի լիարժեք երթեւեկությունն ապահովելու եւ քարաթափումը մաքրելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 17 միլիոն 100 հազար դրամ:Մաքրման վերջին փուլի աշխատանքները սկսվել եւ ընթանում են դեկտեմբերի սկզբներից:»Քարաթափումից ճանապարհը մաքրվել է մի քանի փուլերով, ապահովվել ճանապարհի երկկողմանի երթեւեկությունը, սակայն ժայռի նոր փլուզումներ են տեղի ունեցել նաեւ հետագա ամիսների ընթացքում: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ նոր փլուզման ու քարաթափման հետեւանքով կրկին միակողմանի երթեւեկելի է դարձել ճանապարհը, որի մաքրման աշխատանքներում այժմ ներգրավված են 5 բանվոր եւ 7 միավոր տեխնիկա: Հետագա քարաթափումները բացառելու նպատակով այժմ ժայռի պայթեցում ենք իրականացնում ու ամբողջովին հեռացնում ժայռի ջարդված բեկորները»-ներկայացրեց Արարատ Քոչարյանը: Ըստ տնօրենի հավատման՝ մոտակա օրերի ընթացքում կիրականացվի հերթական պայթեցումը, իսկ մինչեւ դեկտեմբերի 20-ը ճանապարհը լիովին մաքրված կլինի քարաթափումից:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am