Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը

15:50, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը:

Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները:


© 2009 ARMENPRESS.am