Նալբանդյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

14:52, 9 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում: 


© 2009 ARMENPRESS.am