Վանաձորի քաղաքապետը ստիպված է արտահերթ նիստ հրավիրել անօթևան ընտանիքներին աջակցելու նպատակով

16:45, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ստիպված է ավագանու արտահերթ նիստ հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վանաձորի քաղաքապետարանից, նիստի օրակարգային հարցերը լինելու են Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեում փոխոխություն կատարելը և համայնքի բյուջեից անօթևան ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելը:

Վանաձորի ավագանու նիստերն արդեն երկու ամիս է բոյկոտվում են ավագանում խմբակցություններով ներկայացված «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների կողմից, սակայն Վանաձորի քաղաքապետարանը  հուսով է, որ անօթևան ընտանիքներին ֆինանսական օգնության հարցը չի քաղաքականացվի և բոլոր քաղաքական ուժերը կառաջնորդվեն կարիքավոր քաղաքացիներին օգտակար լինելու առաքելության գիտակցությամբ:

2016 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր համայնքի Ուկրշին տնակային ավանի թիվ 4 բարաքի հերդհից հետո անօթևան էին մնացել 5 ընտանիքների թվով 19 բնակիչներ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հրահանգով անօթևան մնացած ընտանիքներից չորսին ապահովվել են ժամանակավոր կացարաններով, իսկ մեկ ընտանիքի ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն վարձակալական հիմունքներով բնակարան տեղափոխվելու համար: Վանաձորի քաղաքապետի կողմից ներկայումս համակարգվում է անօթևան ընտանիքներին տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից տրամադրվող աջակցությունը, որը , ինչպես նշել է Մամիկոն Ասլանյանը, շարունակական է լինելու


© 2009 ARMENPRESS.am