ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը ողջունելի է համարում

14:44, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ կլոր սեղան-քննարկումը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից, սակայն դրա շուրջ դեռևս վիճահարույց հարցեր կան:

«Մեր գործընկերների, պատգամավորների կողմից կան բազում հարցեր, որոնք քննարկման փուլում են: Դրանք են`պատգամավորին խմբակցությունից հեռացնելու կամ պատգամավորի հեռանալու դեպքում մանդատը վայր դնել-չդնելու դրույթը, պատգամավորների ելույթների ժամանակային սահմանափակումները և քննիչ հանձնաժողովի լիազորությունների հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննես Սահակյանը:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Բարբարա Դեյվիսը, ով իր խոսքում կարևորեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք միտված են սահմանադրական պահանջները կյանքի կոչելուն:

Շոտլանդիայի Ստրեթքլայդի իրավաբանական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, փորձագետ Ջոն Բեյթսը ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ օրենքի նախագիծը ողջունելի քայլ է տվյալ օրենսդրությունը Հայաստանի նոր Սահմանադրությանը համապատախսանեցնելու ուղղությամբ: «Թեպետ նման կանոններն առաջնային օրենքի տեսքով ընդունելն ապահովում է անվտանգության որոշակի մակարդակ, դա կարող է նաև անբարենպաստ իրավիճակ առաջացնել տեքստի փոփոխման ճկունության առումով, ինչպես նաև շարքային քաղաքացիների համար կանոնների հասանալիության առումով: Այս հանգամանքներում հատկապես կարևոր է, որպեսզի կանոնակարգ-օրենքը ձևակերպվի հստակ և հասկանալի ձևով՝ ներառյալ օգտագործված հիմնական հասկացությունների սահմանումները և օրենսդրական այլ դրույթների վրա առավել հստակ հղումները, որոնք կարող են այս առումով օգտակար լինել»,- ասաց Բեյթսը:

Նա հավելեց, որ կանոնակարգ-օրենքի նախագիծը բավականին ընդգրկուն է՝ անդրադառնալով բազմաթիվ խնդիրների՝ պատգամավորների, խմբակցությունների և հանձնաժողովների գործառույթներից մինչև ընթացակարգային խնդիրներ՝ ներառյալ օրենսդրական գործընթացը: Բեյթսի խոսքով՝ կարելի էր մի շարք հարցեր առավել հստակ ձևակերպել՝է պարզաբանելով որոշակի սցենարների գործնական հետևանքները, օրինակ, թե ինչ է տեղի ունենալու խմբակցությունների գործունեության դադարելու կամ անդամներին կորցնելու դեպքում կամ ինչ հետևանքներ են ունենալու կանոկակարգի խախտումները:


© 2009 ARMENPRESS.am