Իտալիայի բյուջեն հաստատվեց. Մատեո Ռենցին այսօր հրաժարական կտա

19:04, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ տեղական ժամանակով երեկոյան ժամը 19:00-ին երկրի նախագահին կներկայացնի իր հրաժարականի դիմումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռենցին այս մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Բյուջեն հաստատված է: Ժամը 19:00-ին ես պաշտոնապես հրաժարական կտամ: Բոլորին շնորհակալություն և կեցցե Իտալիան»,- գրել է երկրի կառավարության ղեկավարը:

Օրվա ընթացքում ավելի վաղ Իտալիայի Սենատը հաստատել է 2017թ-ի բյուջեի նախագիծը, որն արդեն իսկ ընդունվել էր երկրի խորհրդարանի ստորին պալատի` Պատգամավորների պալատի կողմից:

Դեկտեմբերի 4-ին Իտալիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում Ռենցիի ներկայացրած սահմանադրական բարեփոխումները չեն ընդունվել: Ի պատասխան այս պարտության` Ռենցին որոշել է հրաժարական տալ, սակայն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան խնդրել է վերջինիս սպասել մինչև հաջորդ տարվա բյուջեի հաստատումը: 


© 2009 ARMENPRESS.am