ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ

16:59, 26 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին: «Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:


© 2009 ARMENPRESS.am