Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է

10:18, 26 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքի 91-րդ տարում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։ Այս մասին «Արմենպրեսը» հաղորդում է վկայակոչելով Կուբայի պետական Պրենսա Լատինա գործակալության հաղորդագրությունը։ Կաստրոյի մահվան լուրը  պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։
Ռաուլ Կաստրոյի հաղորդմամբ՝ Ֆիդելը «մահացել է ուրբաթ երեկոյան»։ Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը կդիակիզվի։ Ռաուլ Կաստրոն հայտնել է նաև, որ առաջիկայում հայտնի կլինեն նաև վերջին հրաժեշտի կազմակերպման մանրամասները։

Լուսանկարը՝ AIN FOTO/Marcelino VÁZQUEZ HERNÁNDEZ/sdl


© 2009 ARMENPRESS.am