Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ

13:34, 25 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Դոնի Ռոստովի նորանշանակ քաղաքապետ Վիտալի Կուշնարյովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը ՀՀ գլխավոր հյուպատոսը, շնորհավորել է  նորանշանակ քաղաքապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Երևան և Դոնի Ռոստով եղբայրական քաղաքների միջև արդեն ձևավորվել է երկկողմ ծրագրերով հարուստ համագործակցություն: Նա միաժամանակ համոզմունք  է հայտնել, որ քաղաքապետն իր ուրույն ներդրումը կունենա այդ համագործակցության առավել ընդլայնման և խորացման գործում:
Ողջունելով ՀՀ հյուպատոսին՝ Վիտալի Կուշնարյովը, իր հերթին, կարևորվել է առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը:
Զրույցի ընթացքում առանձնահատուկ անդրադարձ են կատարվել ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերին և ձեռնարկվելիք նոր քայլերին: Այդ համատեքստում քննարկվել են այս տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության և ՌԴ Ռոստովի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, ինչպես նաև Երևանի և Դոնի Ռոստովի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ծրագրեր:
Առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման առումով կարևորվել է գործարար ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի խթանումը, փոխադարձ այցելությունների կազմակերպումը:


© 2009 ARMENPRESS.am