Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստին

18:48, 22 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Իլքար Մամմեդովին եւ, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, կատարել սեփական  պարտավորությունները` հետեւելով ժողովրդավարության նորմերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Իլքար Մամմեդովը 2013 թվականի հունվարին ձերբակալվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման: Չընդունելով իր հանդեպ ներկայացված մեղադրանքը՝ Մամեդովը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2014 թվականին ճանաչել էր Մամմեդովի ազատության իրավունքի խախտումը եւ անմեղության կանխավարկածը:

Եվրոպայի խորհրդը բազմիցս կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրին, սակայն Ադրբեջանի իշխանությունները մնում են անդրդվելի:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպություների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղբանտարկյալներ կան:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,  նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության  մեղադրանքները:


© 2009 ARMENPRESS.am