Թուրքիայում առաջարկվում է չդատել բռնաբարողին զոհի հետ ամուսնանալու դեպքում

18:14, 18 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտարերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արդարացնելով փոփոխությունը, նշել է, որ դա ամենևին էլ փորձ չէ «արդարացնելու բռնաբարությունը»: «Շատերը երիտասարդ տարիքում չգիտեն օրենքները, երեխա են ունենում, հայրը բանտարկվում է, երեխաները մոր հետ միայնակ են մնում: Պարզվել է, որ նման վիճակում 3 հազար ընտանիք կա: Սա բռնաբարությունը ներելու քայլ չէ»,- ասել է նա:

Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:

 


© 2009 ARMENPRESS.am