«Ամերիկանո» սուրճը «ռուսիանո» անվանափոխելու առաջարկը ռուս բլոգերները վերագրում են Կարեն Կարապետյանին

18:29, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ամերիկանո» սուրճը «ռուսիանո» անվանափոխելու նախաձեռնությունը ռուս բլոգերները վերագրում են ոչ թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, այլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, ըստ բլոգերների՝  Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդևը կատակել է, թե «Ամերիկանո սուրճի անվանումը քաղաքականապես կոռեկտ չէ»՝ առաջարկելով փոխել ըմպելիքի անունը։ «Եկե՛ք փոխենք «Ամերիկանո»-ն»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։ Հայաստանի վարչապետը, շարունակելով արտահայտությունը, առաջարկել է այն անվանափոխել «ռուսիանո»։   

Նոյեմբերի 16-ին ռուսաստանյան լրատվամիջոցները և բլոգերները լայնորեն լուսաբանել էին «Ամերիկանո» սուրճը վերանվանելու գաղափարի մասին կատակը, որը վերագրվում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Իսկ նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ եկատերինբուրգում աշխատող «Օգոնյոկ» բարը փոխել է մենյուի անգլալեզու կետերը՝ փոխարինելով դրանք «առավել հայրենասիրական անվանումներով»:


© 2009 ARMENPRESS.am