ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հայ զինվորների գերազանց աշխատանքը խաղաղապահ գործընթացներում. Ջեյմի Շի

14:51, 17 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի շաբաթը կարևոր գործիք է, որի շրջանակում բարձրացվում են Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում կայացած ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրին նվիրված աշխատաժողովին նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«1990-ականներից  Հայաստանը ՆԱՏՕ-ի ծրագրային գործընկերներից է և բավական ակտիվ է եղել: Հայաստանի հետ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Հայաստանի զինվորները բարձր մակարդակի ծառայություն են իրականացնում խաղաղապահ զորքերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանն` ընդգծելով, որ  իրենք բարձր են գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հին գործընկերներից է: 1992 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի ու Հայաստանի համագործակցությունը ծաղկել է և առաջ ընթացել:

«Պարտադիր չէ լինել ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ տարբեր ծրագրերում ներդրում ունենալու համար: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր ծրագրերին, հատկապես հայ զինվորների գերազանց աշխատանքը խաղաղապահ գործընթացներում»,-ասաց նա:

Ջեյմի Շին ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունում լավ առաջընթաց կա, սակայն չպետք է բավարարվել եղածով: Անհրաժեշտ է այդ համագործակցությունն առաջ տանելով` փնտրելով նոր ուղիներ: Ջեյմի Շին կարևոր համար գիտության ոլորտում համագործակցությունը: Նրա խոսքով, անհրաժեշտ է խթանել ստեղծարարությունը գիտության ոլորտում, ընդլայնել գործունեությունը կիբեռանվտանգության ոլորտում, զարգացնել ցանցային կարողությունները:


© 2009 ARMENPRESS.am