Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում

11:45, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունը հանդես Է գալիս Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Մերիլենդի համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Սոցիոլոգները որոշել են պարզել երկրի քաղաքացիների վերաբերմունքը ԻՊ-ի եւ սիրիական հակամարտության նկատմամբ: Նրանց տվյալներով՝ ամերիկացիների 60 տոկոսը հանդես Է գալիս ծայրահեղականների դեմ պայքարում Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցության օգտին: Մասնավորապես, ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված այդ գաղափարը պաշտպանում են հանրապետականների 67 տոկոսը, դեմոկրատների 53 տոկոսը եւ անկախ ընտրողների 67 տոկոսը: Հարցված քաղաքացիների 53 տոկոսի կարծիքով՝ ահաբեկչության դեմ պայքարը պետք Է դառնա Ամերիկայի գերակայությունը եւ երկրորդ պլան մղի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «Չինաստանի աճող հզորությունը եւ վերածնվող Ռուսաստանը»: Հարցվածների մեծ մասն ընդգծել Է, որ եթե ահաբեկչության դեմ պայքարը գործընկերություն Է նշանակում Մոսկվայի հետ, ապա «թող այդպես Էլ լինի»:

Ընդ որում ամերիկացիների ընդամենը 2 տոկոսն Է այն կարծիքին, որ Սիրիայում Վաշինգտոնի գերակայությունը պետք Է դառնա արաբական այդ երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը: Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին հայտարարել Է, որ գլխավոր նպատակը պետք Է դառնա ԻՊ-ի ու նրա կողմնակիցների նկատմամբ հաղթանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


© 2009 ARMENPRESS.am