ԵԽ-ն անընդունելի է համարում Թուրքիայում մահապատժի վերականգնումը

10:54, 31 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղար Դանիել Հոլթգենն անընդունելի է համարել Թուրքիայում մահապատժի վերականգնումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հոլթգենը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մահապատժի իրականացումն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդին անդամակցության հետ»,- նշել է ԵԽ խոսնակը:

Հոլթգենի հայտարարությունը հաջորդել է նախօրեին Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն մտքին, որ պատրաստ է վավերացնել մահապատիժը: «Եթե մահապատժի մասին որոշումն անցնի մեջլիսում, կստորագրեմ այն: Կարևորը ոչ թե Արևմուտքի, այլ իմ ժողովրդի խոսքն է»:

Թուրքիայում մահապատիժը վերացվել է 2004 թվականին` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շրջանակում:

2016 թվականի օգոստոսին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը նախազգուշացրել էր պաշտոնական Անկարային, որ մահապատիժը դեմ է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը նշել է, որ նման պարագայում ԵՄ դռները կփակվեն Թուրքիայի առջև: 


© 2009 ARMENPRESS.am