«Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը YouTube-ում ունեցել է ավելի քան 1,6 մլն դիտում

18:50, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook սոցիալական ցանցում ունեցել է ավելի քան 1 մլն դիտում, իսկ YouTube-ում` դիտումների թիվն անցել է մեկ մլն 600 հազարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը` նշելով, որ ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, սոցցանցերում տարածում է գտնում #ThePromise հեշթեգի ներքո:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: 

Մայքլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս ուսումնասիրելու բժշկություն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների մեջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց միջև:  Երբ թուրքերը Առաջին աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


© 2009 ARMENPRESS.am