ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման ջանքերը

20:51, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվեց խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։

Նախարար Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձան մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին»։ 


© 2009 ARMENPRESS.am