Ընկուզենու փայտից պատրաստված արցախյան զարդերը հիացրել են միջազգային ցուցահանդեսի այցելուներին

18:05, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացված JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված են նաեւ յուրօրինակ փայտյա զարդեր բնական տարբեր քարերի համադրությամբ:

Վիկտորյա Պապոյանը նշեց, որ զարդերի պատրաստմամբ զբաղվում է հայրը՝ Ռոբերտ Պապոյանը, ով սպորտի վաստակավոր մարզիչ է (ջրագնդակ), իսկ աշխատանքների յուրահատկությունը պայմանավորված է նրանով, որ վերջիններս պատրաստվում են Արցախի ընկուզենու փայտից:

«Աշխատանքների դիզայնով զբաղվում ենք ես ու մայրս, իսկ հայրս պատրաստում է: Ընդամենը 2-3 տարի է, ինչ զբաղվում ենք այս գործով: Հայրս երբեք չի պատրաստել նման զարդեր, սակայն մի օր որոշեց կնոջը նվեր մատուցել, եւ դա դարձավ մեր ընդհանուր աշխատանքի սկիզբը: Մենք գաղափարներ ենք մշակում, հայրս՝ պատրաստում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Վիկտորյա Պապոյանի խոսքով՝ ցանկություն կա ընդլայնելու բիզնեսը, սակայն բավականաչափ աշխատանքներ չկան, իսկ գնային քաղաքականությունը տատանվում է 10-70 հազար դրամի սահմաններում:

«Շատ են մոտենում, հավանում են եւ գնում, սակայն այս մի քանի տարիների ընթացքում պահանջարկը նվազել է՝ երեւի թե կախված սոցիալական պայմաններից: Մեր աշխատանքները Վրաստան էլ են տանում, Շվեյցարիա: Նույնիսկ դրսում, որ մեզ վրա տեսնում են, մոտենում, հարցնում են: Առաջին անգամն է, որ մասնակցում ենք այս ցուցահանդեսին, եւ շատ  հաճելի է, որ այստեղ նույնպես մոտենում, հետաքրքրվում են, դրական արձագանք կա»,-ասաց Վիկտորյա Պապոյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք ցուցահանդեսի շրջանակում ինչ-որ մեկն արդեն գնել է ներկայացված զարդերից, նա նշեց, որ առաջին գնորդը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է:


© 2009 ARMENPRESS.am