Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հային

11:46, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգեւատրել է   աշխարհում իր ամենափոքր դիմանկարը պատրաստած հայ վարպետին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիմանկարի հեղինակ, միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռ` Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են նրա կողմից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված էր գրառման մեջ:

 Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը Հռոմի պապին նվերը հանձնել էր 2016 թվականի հունիսի 24-ին` վերջինիս Հայաստան կատարած այցի շրջանակներում:  «Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս պապի՝ աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին»,-ասել էր Տեր-Ղազարյանը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ՝ Հռոմի պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղել և շնորհակալություն էլ հայտնել հեղինակին: 


© 2009 ARMENPRESS.am