ԱԺ 5 խմբակցություններ գալիք ընտրություններում տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցով դիմում են ՄԱԿ-ին

19:13, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի 5 խմբակցություններ դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը Եվրամիության տրամադրած 2 միլիոն եվրո գումարի դիմաց ձեռքբերվելիք տեսանկահարանման սարքերի գործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու հարցով: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրեցին համապատասխան համաձայնագիրը, որով պետք է դիմեն ՄԱԿ-ին՝ տեխնիկական աջակցություն ստանալու համար:

Այսինքն՝ խմբակցությունները ցանկանում են, որպեսզի ՄԱԿ-ը  իրականացնի ընտրության օրը ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարության հրապարակմանը ներկա էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին՝ ՄԱԿ-ը նման գործառույթ ունի՞, ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՄԱԿ-ն աջակցություն է ցույց տալիս տեխնիկական հարցերում: Ճշտող հարցին՝ ընտրական գործընթացներում տեխնիկական աջակցության փորձ ունի՞,  նա պատասխանեց. «Ես չգիտեմ ընտրական գործընացներին ՄԱԿ-ն ինչ առնչություն է ունեցել, վստահ եմ, որ եղած կլինի: Կոնկրետ տեսախցիկների տրամադրման հարցում ՄԱԿ-ը դեռ չի ունեցել նման փորձառություն, բայց տեխնիկական ծրագրեր շատ են կատարվել»:


© 2009 ARMENPRESS.am