«Թումո»-ի սաները Նյու Յորքում կմասնակցեն «Հոգիս» մեծ համերգին

16:33, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո»-ի ուսանողական երաժշտական նախագծերից երեքը՝ էլեկտրո խումբ Pyramidz-ը, ավանգարդ-ֆոլկ Թմբաթան և փոփ Դեցիբելը մեկնել են Նյու Յորք՝ ելույթ ունենալու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված «Հոգիս» մեծ համերգին: Համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ New York City Center-ում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո»-ի հաղորդակցման բաժնից:

Ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է ֆրանսահայ ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը, համատեղում է թումոցիների և Նոր Նորքի Հայորդաց տան սաների ելույթները: Պատանիները այժմ մասնակցում են ինտենսիվ համերգային փորձերին՝ ազատ ժամանակ պտտվելով քաղաքի գլխավոր տեսարժան վայրերով: Այցի ընթացքում խումբը արդեն հասցրել է այցելել ՄԱԿ-ի գրասենյակ և նույնիսկ ելույթ ունենալ գրասենյակի աշխատակիցների և պաշտոնյաների առջև:

«Մեզ համար համագործակցությունը ՀԲԸՄ-ի հետ շատ կարևոր է՝ այն երիտասարդությանը ծառայելու հսկայական ներուժ ունի: Այն, ինչի մենք հասնում ենք միասին շատ ավելի հզոր է քան այն, ինչ կարող էինք առանձին անել», - ասում է «Թումո»-ի տնօրեն Մարի Լու Փափազեանը:


© 2009 ARMENPRESS.am