Երևանի 33 թաղամասի քաղաքաշինական ծրագիրը Քեմբրիջի «Լինքոլն» համալսարանի պատվոգիր է ստացել

16:02, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 21-ը Թայվանում մասնակցել է Քեմբրիջի «Լինքոլն» հողային քաղաքականության համալսարանի (http://www.lincolninst.edu/) կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Համալսարանը, որն աշխարհում հայտնի է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խորհրդատվական, տեխնիկական և տնտեսական աջակցության ծրագրերի իրականացմամբ, այս տարի Թայվանում կազմակերպած իր հերթական՝ 131-րդ վերապատրաստման դասընթացին հրավիրել էր քաղաքաշինության ոլորտի՝ ենթակառուցվածքներով զբաղվող շուրջ 60 մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Արտավազդ Թարխանյանը Թայվանից ձեռնունայն չի վերադարձել՝ պատվոգրի արժանանալով «Ներկայացված լավագույն աշխատանքի համար» անվանակարգում: Այս համատեքստում Հայաստանի քաղաքաշինության ոլորտում իրականացված կամ իրականացվող նախագիծ որպես նա ներկայացրել է Երևանի 33 թաղամասի՝ ժամանակակից և արդյունավետ լուծումներով հագեցած քաղաքաշինական ծրագիրը (կառուցապատման նախագծի հեղինակ՝ Ն. Սարգսյան):

Ըստ նրա՝ «Ներկայացված նյութը, կիրառված մոտեցումները, որոնք ի սկզբանե ներդրվել էին այդ նախագծի մեջ շատ բարձր գնահատվեցին, ի հավելումն, ներկայացման ձևաչափը, որը նույնպես շատ կարևոր էր»:

Ա. Թարխանյանի ներկայացմամբ՝ մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել քաղաքաշինության բնագավառի աշխարհում հայտնի լավագույն մասնագետները՝ հռչակ ունեցող պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, որոնք ամեն տարի բարձր վարձատրությամբ հրավիրվում են «Լինքոլն» հողային համալսարանի կողմից, որ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեն քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հետ՝ այդ կերպ փորձելով աշխարհում քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ մթնոլորտ ձևավորել:

«Լինքոլն» համալսարանը քաղաքաշինության բնագավառում արդյունավետ կառավարման, առկա հնարավորությունների ճշգրիտ հաշվարկման, տարբեր ծրագրերին հատկանշական գործիքակազմի օգտագործման շուկայում առկա մեխանիզմներին և մոտեցումներին է ծանոթացնում մասնակիցներին՝ բացառիկ հնարավորություն տալով մեծ ծրագրեր իրականացնելու:


© 2009 ARMENPRESS.am