Զալբերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց է տեսնում

14:55, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները կհանգեցնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ համաձայնության հաստատման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ ներկայացուցիչը Բաքվում  ասել է ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում:

«ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում Մինսկի խմբի գործունեությանը, սակայն ցանկանում է լինել տեղեկացված գործընթացի վերաբերյալ: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ և քննարկում եմ իրադրությունը ղեկավարության հետ, իսկ նախորդ շաբաթ նույն նպատակով Երևանում էի»,- նշել է Զալբերը:

Նա ընդգծել է, որ հանդիպումների ժամանակ ստացած ազդանշանները հույս են տալիս, որ գործընթացն առաջ է ընթանում: «Եթե իմ տպավորությունները ճիշտ են, կարող են որոշ համաձայնություններ կնքվել և գտնվի լուծման փոխզիջումային տարբերակ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

 Զալբերը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը շուտափույթ կերպով ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է:


© 2009 ARMENPRESS.am