Ստեփան Մարգարյանը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին կխոսի, երբ կլինի համապատասխան հայտարարություն

14:58, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը դեռևս վաղ է համարում խոսել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ հարկ կհամարի այդ մասին խոսել այն ժամանակ, երբ կլինի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: «Մենք շատ հարգում ենք Գագիկ Ծառուկյանին: Նա հասարակության և պետության համար բավականին շատ գործեր արած անձնավորություն է և հիմա էլ շարունակում է իր նպաստը բերել տարբեր բնագավառներում: Քաղաքականությունից նա գնացել է իր հայտարարությամբ և կարող է վերադառնալ իր հայտարարությամբ: Ես իմ կողմից ոչ կոռեկտ եմ համարում անդրադառնալ այլ ենթադրություններին և խոսակցություններին: Կհայտարարի, որ ինքը վերադառնում է, բոլորովին այլ իրավիճակ կլինի, չի հայտարարի, ես այդ մասին խոսելն անիմաստ եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Հարցին, ի՞նչ իրավիճակ կլինի, եթե Ծառուկյանը որոշի վերադառնալ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Ես եթե-ներով հարցերի չեմ պատասխանում: Եթե հայտարարի, որ վերադառնում է, այդ ժամանակ, բնականաբար, կլինի նոր իրավիճակ, և այդ ժամանակ նոր կխոսենք»:

Ստեփան Մարգարյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ավելի ուժեղ էր Գագիկ Ծառուկյանի հետ, քան առանց նրա: Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել, թե ով ում հետ է ավելի ուժեղ: «Ես կարող եմ իմ մասին, իմ կուսակցության և իմ գործընկերների մասին խոսել»,- եզրափակեց պատգամավորը:


© 2009 ARMENPRESS.am