ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը

21:08, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լյուկ Դեվինը: Մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանակցությունների ժամանակ քննարկվել են համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։

Բանակցությունների ընթացքում, տեղի է ունեցել ընդլայնված կազմով լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են մի շարք ոլորտների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։


© 2009 ARMENPRESS.am