Ադրբեջանում հարկային պարտքի պատճառով 634 ընկերությունների ղեկավարների արգելվել է լքել երկիրը

18:51, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գործարարները նախորդ տարվանից նավթի եւ մանաթի էժանացումից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում չեն կարողանում ժամանակին իրականացնել իրենց հարկային պարտականությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այս անգամ Ադրբեջանի հարկերի նախարարությունը հոկտեմբերի 24-ից սկսած հարկերը չմարելու պատճառով երկրի սահմաններից դուրս գալու արգելք է դրել 634 ընկերությունների ղեկավարների վրա, որոնցից 9-ը օտարերկրյա քաղաքացիներ են:

Ադրբեջանում մեծացել է նաեւ սնանկ ճանաչված, ինչպես նաեւ այդ երկրում իրենց գործունեությունը դադարեցրած տեղական եւ արտասահմանյան ընկերությունների թիվը:

Modern.az լրատվական կայքը` հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, հայտնել էր, որ 2015 թվականին Ադրբեջանում 40 հազար 450 աշխատատեղ է փակվել:

Պաշտոնական տվյալներով` անցյալ տարի 40 հազար 450 վերացված աշխատատեղերի 19,2 տոկոսը փակվել է առեւտրի, փոխադրամիջոցների վերանորոգման բնագավառում, 15,5 տոկոսը` տրանսպորտի եւ պահեստային տնտեսության, 8,3 տոկոսը` շինարարության, 6,4 տոկոսը` պետական կառավարման, պաշտպանության եւ  սոցիալական ապահովման, 5,5 տոկոսը` վերամշակող արդյունաբերության, 4,7 տոկոսը` մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառներում:


© 2009 ARMENPRESS.am