Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ճանաչել ԼՂ անկախությունը. Շարմազանով

18:10, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը փորձեց խույս տալ ձեռք բերված պայմանավորվածություններից  և համանախագահների՝ տարածաշրջան այցին ընդառաջ դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի նման դիրքորոշումը դատապարտելի է և ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունները պատրաստ չեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ իրականացրեց իր վրա դրված պարտականությունները՝ հետ շպրտելով հակառակորդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայկական կողմերը դեմ են համակարտության ռազմական լուծման տարբերակին և կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ լուծմանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացման ճանապարհով: «Բայց արի ու տես, որ այս ամենով հանդերձ, Ադրբեջանի ղեկավարը, հարցազրույց տալով ռուսական լրատվամիջոցին, նշում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ: Ադրբեջանը չէ, որ կարգավիճակ պետք է շնորհի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն հանրաքվեի միջոցով ինքը իրեն շնորհել է այդ կարգավիճակը և ընդամենը ժամանակի հարց է ԼՂՀ միջազգային ճանաչումը»,- ասաց Շարմազանովը:

Նա ուշագրավ է համարում այն, որ Ալիեւի այս հայտարարությունից ընդամենը օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնեցին Ստեփանակերտ և հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Իրենց՝ Ստեփանակերտ կատարած այցով համանախագահները ցանկացան ընդգծել, որ առանց Արցախի անհնար է առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Ավելին՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Երեւանում նշեց, որ խնդրի առանցքում ընկած է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը՝ հանրաքվեի ելքով: Ադրբեջանը ստիպված է լինելու վաղ թե ուշ ճանաչել Արցախի անկախությունը»,- եզրափակեց Շարմազանովը: 


© 2009 ARMENPRESS.am