Ավստրիայում Հայաստանի դեսպանը մեդալներ է հանձնել ավստրիահայ համայնքի մշակույթի գործիչներին

20:43, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ է հանձնել ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, լինելով Ավստրիայում և եվրոպական այլ երկրներում ճանաչված արվեստագետներ՝ Վիգ Ցարթմանը և Նարե Արղամանյանը շոշափելի ներդրում են ունեցել միջազգային հարթակներում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված, ինչպես նաև համահայկական նշանակություն ունեցող այլ միջոցառումների հաջող անցկացման գործում: 

Դեսպան Կիրակոսյանը նոր ձեռքբերումներ ու մասնագիտական հաջողություններ մաղթեց հայ արվեստագետներին՝ հույս հայտնելով, որ Վիգ Ցարթմանն ու Նարե Արղամանյանը կշարունակեն իրենց արվեստով նպաստել հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը:


© 2009 ARMENPRESS.am