Գալուստ Սահակյանի կարծիքով՝ վարչապետին պետք է աջակցեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը

16:16, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանին պետք է աջակցեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ հասարակությունը:

«Կառավարության ներկայացրած ծրագրից բխում էր, որ վարչապետը, որպես նախաձեռնող, առջևից գնում է, մնացածները պետք է կարողանան օժանդակել: Որեւէ երեւույթ տվյալ պետության ներսում մեկ կամ տասը անձանցով չի գնում առաջ, նաեւ հասարակությունը պետք է մասնակցի, եւ ես կարծում եմ՝ առաջիկայում մենք որոշակի արդյունք կունենանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ օրերս ներկրումների վերաբերյալ արված հայտարարությանը, ԱԺ նախագահն ասաց, որ տարիների ընթացքում այդ հարցը բարձրաձայնվել է:

«Կարծում եմ՝ մեր բոլորի խնդիրը դա է եղել այս տարիներին, մշտապես մտածել ենք այնպես անել, որ ովքեր ուզում են ներկրել, արտահանել, կարողանան հանգիստ ճանապարհով դա իրագործել: Այդ իմաստով շատ շուտով առաջիկայում բավականին լուրջ դերակատարում կունենա նաեւ կառավարությունը: Ես լավ ակնկալիքներ ունեմ ապագայի նկատմամբ»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը հասարակության երազած, ժողովրդի կողմից ընդունելի վարչապետն է, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Ժողովուրդը ԱԺ նախագահներ, վարչապետներ չի երազում ունենալ, այն ուզում է կուշտ ապրել,  զավակներին լավ պայմաններում տեսնել. այ, սա է մեր ժողովրդի երազանքը»,-եզրափակեց ԱԺ նախագահը:


© 2009 ARMENPRESS.am