Հանրահայտ ուսուցիչ Սքոթ Թորնբըրին դասախոսություններով հանդես կգա հայ ուսուցիչների համար

14:45, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ ուսուցիչների վերապատրաստման 2016 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանը  կհյուրընկալի Սքոթ Թորնբըրիին, ով ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքից,  Սքոթ Թորնբըրին նոյեմբերի 18-20-ը զրույցներ և վերապատրաստման սեսիաներ է վարելու Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:

Անգլերեն դասավանդողները և ուսուցիչները կարող են մասնակցել նրա հինգ դասախոսությանը և ծանոթանալ ոլորտում առկա վերջին նորարարություններին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և կիսել իրենց փորձառությունը:

Բոլոր սեսիաները բաց են շահագրգիռ ուսուցիչների ու մանկավարժների համար: Միջոցառման մուտքն ազատ է:

Սքոթ Թորնբըրին ուսուցիչ է և ուսուցիչներ վերապատրաստող, ով ունի Ռիդինիգի համալսարանի մագիստրոսի կոչում և շուրջ 30 տարվա փորձ՝ անգլերենի դասավանդման ոլորտում: Ներկայումս նա TESOL մագիստրոսական ծրագրի ուսումնական ծրագրի համակարգողն է Նյու-Յորքի Նյու Սքուլ համալսարանում: Մինչ այդ նա զբաղվել է դասավանդմամբ և ուսուցիչների վերապատրաստմամբ Եգիպտոսում, ՄԹ-ում, Իսպանիայում (որտեղ հիմա բնակվում է) ու իր ծննդավայր Նոր Զելանդիայում:


© 2009 ARMENPRESS.am