Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող զավակների հետ

12:40, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ  Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:

Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը:  Հերթական այցի շրջանակում   զորամասեր են մեկնել շուրջ 1200   ժամկետային զինծառայողների ծնողներ: Հարկ է նաև նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ՝  ավանդական աղ ու հացով, զինվորական նվագախմբով ու տողանով: Զորամասերում ծնողները նաև ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների հուշարձաններին:  Արարողության շրջանակում   ծառայության մեջ առավել աչքի ընկած   զինվորները հանդիսավոր պայմաններում  պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:

Այցելության ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական շատ կարևոր նշանակություն ունի և իր նպաստն է բերում բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման գործին:

Հատկանշելով ծրագրի կարևորությունն ու շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախաձեռնության համար` ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց հերթին գնահատել են ցուցաբերվող վերաբերմունքն ու հատուկ ուշադրությունը և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում ավելի բարձր է պահվում բարոյահոգեբանական ու մարտական ոգին:


© 2009 ARMENPRESS.am