Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ճիշտ է կողմնորոշել ապրիլյան դեպքերի տեղեկատվությունը. Շահան Գանտահարյան

18:10, 23 Հոկտեմբեր, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անկության 25-րդ տարեդարձերի կապակցությամբ. այն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, որ անց է կացվում հենց Երևանում ու Ստեփանակերտում: Այս մասին նշել է  Բեյրութի   «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը` ընդգծելով, որ 2010 թվականին լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը ևս անց է կացվել Ստեփանակերտում:

«Այդ ժամանակ քննարկել ենք տեղեկատվական անվտանգության խնդիրները և հատկապես հակառակորդի սանձազերծած ապատեղեկատվությունները, տեղեկատվական ահաբեկչությանը դիմակայելու ռազմավարական խնդիրները: Դա էլ հիմք է ծառայել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայկական լրատվադաշտերը արդեն պատրաստ էին դիմակայելու տեղեկատվական խնդիրներին և պատվով դուրս գալ նաև տեղեկատվական պատերազմից: Որևէ սայթաքում չեղավ, և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, միասնաբար հանդես գալով, ազդեց, որ միջազգային հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշվի ապրիլյան դեպքերի վերաբերյալ` թե ով էր նախահարձակ եղողը, ահաբեկիչը և ինչպիսի անմարդկային արարքներ են ցուցաբերել ադրբեջանցիները, որոնք միշտ էլ իրենց դրսևորել են որպես պատերազմական նորմերը խախտող երկիր: Այս ամենի օբյեկտիվ լուսաբանման և մեկնաբանման, վերլուծման մեջ լուրջ դերակատարություն ուներ հայկական մեդիա դաշտը: Սփյուռքում մենք զգացել ենք այն միացյալ քննարկումները, որոնք անց են կացվել Ստեփանակերտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Շ. Գանտահարյանը և հավելել, որ 2010 թվականին լրագրողների 5-րդ համահայկական համաժողովը նպաստեց Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև փոխճանաչողությանը` նպաստելով փոխհամագործակցությանը: Այդ կապերը  Էլ  ավելի է  սերտացել ու խորացել են հենց այդ համաժողովից հետո. այսօրվա  համաժողովն  էլ  դրա  շարունակությունն  է:  

Շ. Գանտահարյանի խոսքով` այսօր էլ Սփյուռքում կան լրատվամիջոցներ, որոնք մշտապես օգտվում են Արցախի լրատվական դաշտից: Սփյուռքում կան նաև լրատվամիջոցներ, որոնք Արցախում և Հայաստանում ունեն իրենց թղթակիցները:

 


© 2009 ARMENPRESS.am