Պուտինը և Էրդողանը քննարկում են ամենազգայուն թեմաները. Պեսկով

16:35, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկում են ամենազգայուն թեմաները` կապված տարածաշրջանային իրադրության և երկկողմ հարաբերությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ դա ապացույցն է այն բանի, որ կողմերը վստահության բավարար մակարդակ ունեն միմյանց նկատմամբ:

«Նրանք փոխանակվում են տեղեկատվությամբ ամենազգայուն թեմաների շուրջ, ինչը վստահության բավարար մակարդակի ապացույց է: Կարծում եմ, որ, իհարկե, փոխադարձ վստահությունը կոտրելը շատ հեշտ է և արագ: Դա վերականգնելն ու կարգավորելը ժամանակ է պահանջում, սակայն, անկասկած, երկու երկրի նախագահներն այս ուղղությամբ բավական մեծ ճանապարհ են անցել»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև կա վստահություն:

Երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, ինչ 2015 թվականի նոյեմբերին թուրքական կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 օդանավը: Կողմերի միջև հարաբերությունները սկսեցին վերականգնվել, երբ 2016 թվականի ամռանը Էրդողանը նամակ ուղարկեց ՌԴ նախագահին` օդաչուի ընտանիքից ներողություն խնդրելով խոցված ինքնաթիռի համար: 


© 2009 ARMENPRESS.am