Գյուղացու հոգսերն առաջնահերթությունների շարքում են. նախարարը շնորհավորել է գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

16:04, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ, ագրոբարեփոխումները մեզանում այլևս այլընտրանք չունեն, մենք միասին պետք է առաջ շարժվենք, գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն հանապազօրյա հացի և գոյատևման խնդիր լուծի, այլ դառնա եկամտաբեր գործունեություն, որն արժանապատիվ կեցություն կապահովի և հաջողակ բիզնես կդառնա: Ցանկանում եմ, որ հայ գյուղացին երկու ոտքով ամուր կանգնի հայրենի հողի վրա, զբաղվի իր սիրած աշխատանքով և լիարժեքորեն հոգա իր ընտանիքի կարիքները` վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումով: Հավաստիացնում եմ, որ սրանք պարզապես բարի ցանկություններ չեն, գյուղացու հոգսերն ու խնդիրները միշտ լինելու են առաջնահերթությունների շարքում, և մենք իրականացնելու ենք զարգացման ծրագրեր՝ ոլորտն առավել բարենպաստ և շահութաբեր դարձնելու հեռանկարով: Իհարկե, ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն լիահավատ եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության և լուրջ ձեռքբերումների: Վերստին շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ երկրի ապագայի հանդեպ»:


© 2009 ARMENPRESS.am