ԱՄՆ-ը ցանկանում է վերջնականապես խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն` պատժամիջոցների մասին

15:56, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հայտարարելով նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին, նպատակ է հետապնդում վերջնականապես խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման դիտարկում РИА Новости-ի հետ զրույցում արել է  ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նախօրեին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն եվրոպական գործընկերների հետ քննարկում է ունեցել  այն մասին, թե ինչպես կարելի է դիմագրավել Ռուսաստանի գործողություններին Սիրիայում, այդ թվում` խոսվել է նոր պատժամիջոցների մասին:

«Ինչպիսին դաշնակիցներն են, այդպիսին էլ նրանց հետ քննարկումներն են»,- նշել է Ռյաբկովը:

Նրա կարծիքով` տպավորություն է ստեղծվում, որ Սպիտակ տունն իր առջեւ ոչ մի այլ նպատակ չի դնում, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելը:

Արեւմուտքի երկրները մեղադրում են Մոսկվային եւ Դամասկոսին խաղաղ բնակչության եւ զինված ընդդիմության դեմ ավիահարվածներ հասցնելու մեջ, իսկ Սիրիան եւ Ռուսաստանն էլ իրենց հերթին հայտարարում են, որ հարվածներ հասցնում են միայն ահաբեկիչների ուղղությամբ, եւ մեղադրում են ԱՄՆ-ին ընդդիմության ջոկատների վրա ազդեցություն գործելու եւ վերջիններիս ծայրահեղականներից տարանջատելու անընդունակության մեջ:

Կրեմլում հայտարարում են, որ պատժամիջոցների ընդլայնումը ոչ մի կերպ չի նպաստի խնդիրների լուծմանը եւ միայն կվնասի:


© 2009 ARMENPRESS.am