Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը

15:20, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցով հոկտեմբերի 22-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան և թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:

Հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:


© 2009 ARMENPRESS.am