2.728 հալեպահայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը

21:57, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը, այս մասին հայտնել է սիրիահայության Շտապ օգնության եւ վերականգնման գործադիր մարմինը:  

Գործադիր մարմինը նախապես հաղորդագրություն էր տարածել` ժողովրդին հրավիրելով Ս. Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները: Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին:

Օգնության բաշխումը շարունակվում է հայտարարված ժամանակացույցին համաձայն։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հոկտեմբերի 7-ին հասել էր Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին:

40 տոննա կշռող մարդասիրական օգնությունը նախապես երկու օդանավերով Երևանից տեղափոխվել էին Լաթաքիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազա: Օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Տարտուսի և Դամասկոսի ժողովրդին, իսկ գերակշիռ մասը հասել է Հալեպ` տրամադրվելու բոլոր կարիքավոր սիրիացիներին:



© 2009 ARMENPRESS.am