Վաչե Գաբրիելյանը խոսել է ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման ու կենտրոնացման մասին որոշման մասին

21:17, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է  ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման և կենտրոնացման մասին վարչապետի որոշմանը: Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը ոչ արդյունավետ ձեռնարկություններ են: «Եթե մենք ունենք ոչ արդյունավետ ձեռնարկություններ, ապա անհրաժեշտություն կա ինչ-որ բան անելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում  ասաց Գաբրիելյանը:

Դիտարկմանը, թե դա կարող է բերել աշխատատեղերի կրճատման, և արտագաղթի նոր ալիք կարող է բարձրանալ, փոխվարչապետն արձագանքեց. «Պետությունը չպետք է միշտ մատուցի վատ ծառայություններ, որպեսզի ապահովի զբաղվածություն: Դա լավագույն ճանապարհը չէ, պետք է հնարավորինս այնպես անել, որ կառավարությունը, պետական ապարատը քաղաքացիներին մատուցեն որակյալ ծառայություններ»:

Ըստ նրա` ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից և կենտրոնացումից հետո քաղաքացիները կստանան նույն ծառայություններն ավելի որակով և ավելի մատչելի գներով:


© 2009 ARMENPRESS.am