ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է օրենսդրական փոփոխությունների հարցեր

19:19, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի գլխավորած պատվիրակությանը:

Ֆիլիպ Բուայան շնորհավորել է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը, կարևորելով ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության գործում ընդգծել է հատկապես դատախազության դերը:

ՀՀ գլխավոր դատախազը, ողջունել է Երևանում «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային համաժողովի» անցկացումն ու դրան մասնակցելու նպատակով ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարի այցը Հայաստան: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրել է, որ դատախազությունը մշտական և գործուն ներգրավվածություն ունի ԵԽ տարբեր կառույցների կողմից ՀՀ դատաիրավական ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց երաշխիքների ապահովմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում օրենսդրական փոփոխությունների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին:

Ընդգծելով ՀՀ դատախազության և ԵԽ-ի միջև համագործակցության կարևորությունն ու առկա բարձր մակարդակը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զարգացնել  երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով աշխատանքային ոլորտներն ու ապահովելով դրանց շարունակականությունը:


© 2009 ARMENPRESS.am