ՌԴ-ի ու Թուրքիայի մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա. Ալեքսանդր Իսկանդարյան

13:35, 17 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` ասելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում ունեն բարենպաստ և զարգացող հարաբերություններ:

«Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այլ ձևաչափ են, հայ-ռուսականն` այլ: Սպասել, որ ռուս թուրքական հարաբերություններում եղած խնդիրներին կավելանան Հարավային Կովկասում առկա հարցերը՝ քիչ հավանական եմ համարում, այդպիսի հիմք չեմ տեսնում: Դժվար եմ պատկերացնում ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը Հայաստանի հետ կապված»,-ասաց քաղաքագետը:  Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս երկու երկրները կենտրոնացած են այն հարցերի վրա, որոնք սկզբունքային կարևորություն ունեն իրենց համար: Մասնավորապես, Արևմուտքի հետ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, խնդիրներ՝ կապված քրդերի հետ, անվտանգության հարցեր, թուրք-ամերիկյան և ռուս-ամերիկյան հարաբերություններ և այլն: Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, դժվար թե Հայաստանին վերաբերող հարցեր ավելացվեն:

«Այո, ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումից Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չկա, սակայն պետք է հետևել այդ զարգացումներին` հանդես գալով ռացիոնալ մոտեցումներով: Եթե գա մի փուլ, որ լինի սպառնալիք, ապա արձագանքել, եթե լինի այնպիսի իրավիճակ, որից կարելի է օգուտ ստանալ, ապա կրկին արձագանքել»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի հետաձգմանն ու դրա վրա Թուրքիայի ու Ադրբեջանի հնարավոր ազդեցությանը` քաղաքագետը նշեց, որ դա քիչ հավանական է համարում: 

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շահեր ունի, բայց դրանք այն աստիճան չեն, որ երրորդ երկիրն ազդի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի վրա: Ոչ, նման բան քիչ հավանական եմ համարում: Հարցը որոշվել է Մոսկվայում»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: 


© 2009 ARMENPRESS.am