Հայկական ընկերությունն արտադրել է գիշերով 3500 մետր հեռավորության վրա զրահատեխնիկա դիտարկող սարք

16:53, 13 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն: «ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսի ընթացքում «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արագած» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծեց, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում:

«1800-2000 մետրի վրա սարքը իդենտիֆիկացիայի է ենթարկում հակառակորդի զրահատեխնիկան և հետևակի մարտական մեքենաները: Սարքը մեզ մոտ ենք նախագծել, մեզ մոտ էլ պատրաստել ենք: Դրսից միայն որոշ դետալներ ենք ներմուծել: Սարքն ամբողջությամբ մեզ մոտ է պատրաստվել»,- ասաց Ղարիբյանը:

Նա հավելեց, որ անցած տարվա հոկտեմբերին սարքը փորձարկվել է, մեկ անգամ էլ փորձարկվել է այս տարվա ապրիլին: «Մենք արդեն ունենք պատվերներ պաշտպանության նախարարությունից: Աշխատում ենք բանակի հետ և կաշխատենք, քանի որ բանակն ամենապարտաճանաչ վճարողն է»,- ընդգծեց Հովհաննես Ղարիբյանը:

«Արագած» ընկերության տնօրենն ընդգծեց, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, սակայն հայկականը իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է:

Ընկերությունն արտադրել է նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ: «Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ մենք կարող ենք 1000-1500 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով»,- եզրափակեց Ղարիբյանը:


© 2009 ARMENPRESS.am