Թուրքիայում մտավորականներ են ձերբակալվել

14:04, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզմիրի հանրապետական դատախազությունը հոկտեմբերի 1-ի առավոտյան Իզմիրի, Բալըքեսիրի, Մանիսայի եւ  Անկարայի նահանգներում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողություններ է իրականացրել:                                                                                         

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվականը:                                                                               

Հետախուզական գործողությունների թիրախում ընդհանուր առմամբ եղել է 23 մարդ, որոնցից 11-ը գյուլենականներին հարելու եւ գյուլենականների գաղտնի հաղորդակցման միջոց հանդիսացող ByLock հեռախոսային հավելվածից օգտվելու մեղադրանքով ձերբակալվել են:                                                                           

Ձերբակալվածները Իզմիրի Էգեյան համալսարանի գիտնականներ են:                        

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (Նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:           

Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, իսկ նրա գլխավորած շարժումը հռչակել է ահաբեկչական:

 

 


© 2009 ARMENPRESS.am