Թուրքիայում լայնածավալ ոստիկանական գործողությունների արդյունքում 118 մարդ ձերբակալվել է

13:39, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում 118 մարդ ձերբակալվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվականը: Ստամբուլի ոստիկանապետ Մուսթաֆա Չալըշքանի գլխավորությամբ Ստամբուլում` հասարակական կարգը խախտելու դեմ պայքարի, մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, հատուկ գործողությունների ,ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանական այլ ստորաբաժանումների մոտ 5 հազար ոստիկանների մասնակցությամբ, տեղի են ունեցել հետախուզական գործողություններ, որոնց ընթացքում ստուգվել է 34 հազար 408 մարդու ինքնություն, զննվել 8 հազար 623 անձի մեքենա եւ աշխատավայր:

Հետախուզական գործողությունների արդյունքում առգրավվել է 23 ատրճանակ, 153 գրամ թմրանյութ, 95 մեքենա տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանության տարածք, 118 մարդ ձերբակալվել է:

2016 թվականի հուլիսի 15 տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ոստիկանությունը անընդհատ «կասկածելի» տարրերին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ երկրի տարբեր հատվածներում հետախուզական աշխատանքներ է իրականացնում:

Թուրքիայի բանտերը համալրվում են նորանոր բանտարկյալներով:


© 2009 ARMENPRESS.am