Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Տարեցների միջազգային լօրվա առթիվ

11:51, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հոկտեմբերի 1-ին առաջադեմ աշխարհը 1990 թվականից ի վեր նշում է որպես Տարեցների միջազգային օր: Իմ խորին համոզմամբ, սակայն, հայկական իրականության մեջ տարվա յուրաքանչյուր օրն է մեր սիրելի մեծերինը: Պարզապես այս օրը լրացուցիչ տոնականություն ենք հաղորդում մեր վերաբերմունքին և առիթն օգտագործում ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Այս օրը նաև առիթ է մեկ անգամ անդրադառնալու տարեցների խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին: Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի և, թեկուզ տարիների փորձից եկող խորհուրդներով, իր մասնակցությունը բերի Արևի քաղաք Երևանի զարգացմանը:

Սիրելի տարեցներ,

այսօր վստահաբար շատ շնորհավորանքներ կստանաք: Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ ուզում եմ, որ երկար տարիների առողջ ու անհոգ կյանք ունենաք և վստահ լինեք, որ մեր սերունդը սիրում ու գնահատում է ձեզ ու միշտ ձեր կողքին է»:  


© 2009 ARMENPRESS.am