Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես

14:20, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:


Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2016»-ին այս տարի մասնակցող ավելի քան 120 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում են նաև առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից: 



«Երևան Էքսպո»-ի առանձին սրահում ցուցահանդեսի կազմակերպիչները և ոլորտի պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:


© 2009 ARMENPRESS.am