Մերկելը եւ Օբաման դատապարտել են Հալեպին հասցվող ավիահարվածները

10:02, 30 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել են այն ավիահարվածները, որոնք Ռուսաստանը եւ Սիրիան հասցնում են Հալեպի արեւելյան մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտաը տունը հատուկ հայտարարություն Է հրապարակել Օբամայի եւ Մերկելի միջեւ սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված Է, որ Հալեպի արեւելքում ապրում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կեսը երեխաներ են: Օբամայի եւ Մերկելի կարծիքով՝ Ռուսաստանը եւ Սիրիայի կառավարությունը առանձնակի պատասխանատվություն են կրում մարտական գործողությունների դադարեցման համար, ինչպես նաեւ երկրի դժվարամտչելի շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հարցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Միացյալ նահանգները մոտ Է այն բանին, որ Ռուսաստանի հետ դադարեցնի Սիրիայում հրադադարի վերականգնման շուրջ անցկացվող բանակցությունները: Քերիի խոսքով՝ ռմբակոծումների պայմաններում անիմաստ Է նստել ու ինչ-որ բան քննարկել: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ին հարկավոր Է սկսել այլընտրական տարբերակների որոնումը: 

Քերիի տեղակալ Էնթոնի Բլինկենը հայտարարել Է, որ երկրի նախագահ Օբաման արդեն կարգադրել Է, որ ազգային բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավված են Սիրիայի խնդրի լուծումներ գտնելու գործում, հանդես գան իրենց առաջարկներով: Նրա խոսքով ամերիկացի պաշտոնյաները դրանով կզբաղվեն առաջիկա օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am